Կիևի մոտ գտնվող Պետրոպավլովսկայա Բորշագովկա գյուղում երեկ երեկոյան բախումներ են տեղի ունեցել տեղացիների և Ազգային գվարդիայի անդամների միջև, երբ բնակիչները փորձել են մտնել տներից մեկը, որտեղ, ըստ սոցցացերում տարածված տեղեկությունների, գվարդիան մարդկանց կտտանքների է ենթարկել, շաբաթներով պահել նկուղում: Տեսանյութերում երևում է, որ տան մոտ հավաքված մարդիկ պահանջում են իրենց ներս թողնել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնց վրա տեղացիները ձվեր են նետել: Իրավիճակն այնքան է լարվել, որ իրավապահները նույնիսկ հատուկ միջոցներ են կիրառել: Ոստիկանությունը հայտնել է, որ մասնավոր տունն օգտագործում է Ուկրաինայի Ազգային գվարդիան, որի հետ բանակցելուց հետո բժիշկներին թույլ է տրվել ներս մտնել։ Շտապօգնության աշխատակիցները շենքից դուրս են բերել զինվորների, որոնց վրա բռնության հետքեր կային: Բժիշկներն ասել են, որ ներսում 25-30 մարդ է եղել։ Տանը հայտնաբերվածներից մեկն ասում է, որ 14 տարեկան է: Պարզ չէ, թե ինչպես է անչափահասը հայտնվել բանակում: Տարածված տեսանյութերից մեկում էլ այդ տանը պահվող զինվորներից մեկը, աչքի տակ կապտուկներով, բողոքում է ինքնազգացողությունից: «Փորս շատ ուժեղ ցավում է: Ջերմություն ունեմ, դող, գլխապտույտ, թուլություն»,- ասում է զինծառայողը: Դեպքի վայր է ժամանել Ազգային գվարդիայի հրամանատար Ալեքսանդր Պիվնենկոն, որն ասել է, որ մասնավոր տանը պահվում են այն զինվորները, որոնք ինքնակամ լքել են զորամասը: Ըստ նրա՝ շենքը նաև կիրառվել է որպես զինվորական ժամանակավոր կացարան, որտեղ ժամանել է մոբիլիզացված անձնակազմը, գրանցվել, ստուգում անցել, ապա մեկնել ուսումնական կենտրոն։ Պիվնենկոն պնդել է, որ տանը 18 զինծառայող է եղել: Նրանցից մի քանիսն են միայն հոսպիտալացվել: «Մենք հոսպիտալ ենք ուղարկել չորսին, որոնք բժշկական օգնության կարիք ունեին։ Նրանք զինվորականներ են, որոնք բռնվել և վերադարձվել են ստորաբաժանում՝ զորամասն ինքնակամ լքելուց հետո։ Շենքում գտնվող մյուս զինվորականները Ազգային գվարդիայի անդամներ են»,- ասել է Ալեքսանդր Պիվնենկոն։ Դեպքի վայր է ժամանել նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը: Նա խոստացել է՝ իրավապահները կպարզեն ամեն ինչ, նաև դժգոհել է քաղաքացիների գործողություններից: «Տեղի ունեցողը դասական փողոցային ակցիա է, եկեք ուղիղ ասենք։ Նման բան չպետք է տեղի ունենար։ Սա նորմալ չէ։ Նրանք թույլ չեն տալիս, որ իսկապես կարիք ունեցող մարդիկ հասնեն հիվանդանոց»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ուկրաինայի Ազգային գվարդիան հայտարարել է, որ ծառայողական քննություն կանցկացնի՝ պարզելու, թե արդյոք եղել են խախտումներ։ Ուկրաինայի ռազմական օմբուդսմեն Օլգա Ռեշետիլովան ևս հայտարարել է, որ հետաքննություն կանցկացնեն: Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել՝ զինվորական պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով: Բյուրոն հայտնել է, որ քննիչները պետք է պարզեն՝ արդյոք խախտվել են զինծառայողների իրավունքները և նրանց նկատմամբ ուժ է կիրառվել: Քննիչները նաև պետք է պարզեն բախումների հանգամանքները, որոնց ժամանակ կրակոցներ են արձակվել, և ոստիկանական մեքենաներ վնասվել, նշել է բյուրոն։