Ազգային ժողովում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են պետական կառավարման, արդարադատության և վերահսկողական ոլորտների համար նախատեսված հատկացումները։ Քննարկմանը մասնակցում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Բազիկյանը և այլ պաշտոնյաներ։ Նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ կոռուպցիոն կասկածներին։ Հիշեցնելով, որ մի խումբ փաստաբաններ նախարարին կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ՝ Ղազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հովհհանիսյանը պնդել է՝ հարցը բյուջեի քննարկման հետ կապ չունի, և առաջարկել դիմել համապատասխան մարմիններին։ Ղազարյանն էլ պնդել է, որ իշխանությունները ևս պետք է հետաքրքրված լինեն այդ հարցով՝ հավելելով, թե չգիտես ինչու քրեական վարույթներ են նախաձեռնվում միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ։