ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեղեկություններին, թե անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է: ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը սուտ է, անչափահասն օգտագործել է ալկոհոլ: «Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև Վարչապետի ճեպազրույցի ընթացքում։ Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,- ասվում է հաղորդագրությունում։