Սպորտ
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին: «Նոյեմբերի 4-ին սպասվող ՀՖՖ արտահերթ ժողովին «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ներկա չի լինի երկու հիմնական պատճառով: Առաջին, ճիշտ է, ՀՖՖ-ն մեզ հրավեր է ուղարկել և պատշաճ կերպով պահպանել քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր գրված ու չգրված կանոնները, ինչի համար շնորհակալ ենք ՀՖՖ ղեկավարությանն ու նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանին, սակայն ՀՖՖ 29 ակումբների՝ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին մենք տեղեկացել ենք ֆուտբոլային մարդկանցից ու մամուլից: Փաստորեն, ՀՖՖ անդամ 34 ակումբներից, ինչքանով հասկանում ենք լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններից, միայն 4-ին չեն հրավիրել, ինչը համերաշխության, էթիկայի և պարզ մարդկային հարաբերությունների խախտում է: Մենք անգամ տեղյակ չենք, թե որ ակումբը կամ որ ակումբներն են նախաձեռնության հեղինակները: Եթե, այնուամենայնիվ, մենք մասնակցելու լինեինք արտահերթ ժողովին, ապա միանշանակ դեմ կքվեարկեինք առաջարկվող փոփոխություններին: Դրանք ֆուտբոլի մասին չեն, այլ հայոց լեզուն և մայրենին ստորադասելու և ոտնահարելու, օտարախոս և հայերենը անտեսող մարդու համար ճանապարհ բացելու: Այլ բացատրություն այս աղաղակող փոփոխություններին դժվար է գտնել: Մենք կարծում ենք, որ փոփոխություններն այնքան կոպտորեն են խախտում մայրենին և այնպիսի բացահայտ քաղաքական ու իշխանական միջամտություն են հայկական ֆուտբոլային կյանքին, որ ՀՖՖ ղեկավարությունն ու Գործկոմը պարզապես պետք է անտեսեին 29 ակումբների այս հակահայկական և հակաֆուտբոլային նախաձեռնությունը: Երկրորդ պատճառը, որ մենք որոշեցինք չմասնակցել արտահերթ այդ ժողովին, պայմանավորված է նրանով, որ ունենք ֆինանսական պարտավորություններ ՀՖՖ-ի առաջ: Մենք չենք վճարել երեք տարիների անդամավճարը և որոշել ենք միայն մեր ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո մասնակցել ՀՖՖ ժողովներին: Կրկնենք, սակայն, որ ՀՖՖ-ն մեզ պատշաճ կերպով հրավեր ուղարկել է: Մինչև տարեվերջ մենք կկատարենք մեր ֆինանսական պարտավորությունները և կմասնակցենք ՀՖՖ տարեկան ժողովին, որը նաև ընտրական է: Ունենք նաև լավ լուր. շաբաթներ առաջ մեր ակումբի չորս տարիների հիմնական ֆինանսավորողը՝ Ինեկոբանկը, հերթական՝ հինգերորդ տարեկան ֆինանսավորումն է հաստատել, ինչը նշանակում է, որ եկող՝ 2026-2027 մրցաշրջանում, մենք կկարողանանք խաղալ ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում: Շնորհակալություն Ինեկոբանկին, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մարզային, սահմանային ֆուտբոլին, որը կազմում է մեր տարեկան բյուջեի մոտ 40 տոկոսը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է նոյեմբերի 4-ին: «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները» Նմանատիպ նյութեր Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
