Հասարակություն
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․ կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար: Բացի այդ, նշված քրեական վարույթի մեկ այլ դրվագով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև նույն աշխատակիցը, մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք: Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
