Ազգային ժողովում այսօր մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են բյուջեի հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, ծախսերը, պետական պարտքն ու պակասուրդը։ Քննարկումներին մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն,Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և կառավարության այլ անդամներ։ Նիստին բացման խոսքով հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շա՞տ է բյուջեն, թե՞ քիչ։ Բյուջեն ընդհանրապես շատ չի լինում։ Աշխարհում գոյություն չի ունեցել մի երկիր, որ կանգնի, ասի՝ իմ բյուջեն շատ է», - հայտարարել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ որքան մեծանում է պետական բյուջեն, այնքան ավելանում են նաև կարիքները, ծախսերն ու հասարակության ակնկալիքները։ «Ինչքան բարձր է բարեկեցության մակարդակը, մարդիկ ակնկալում են բարեկեցության ավելի բարձր մակարդակ», - նշել է նա։ Վարչապետը նաև շեշտել է, որ լավ ապրելու միակ ճանապարհն աշխատանքն է։ «Կան մարդիկ, որ կարող են կարծել, որ գողանալը, երկիրը թալանելը լավ ապրելու մոդել է, բայց մեր ուղերձը սա է՝ լավ ապրելու մոդելը աշխատանքն է», - հայտարարել է Փաշինյանը։ Կառավարությունը հոկտեմբերի սկզբին հավանություն էր տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին, որով նախատեսվում է հաջորդ տարի ծախսել շուրջ 4,1 տրիլիոն դրամ՝ մոտ 11,1 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ծախսերը կաճեն ավելի քան 12 տոկոսով, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 1,29 միլիարդ դոլար։