Հասարակություն
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Բազմաբնակարան շենքերում բնակվողներ, իսկ դուք գիտե՞ք, որ գումարը, որն ուզում են ձեզնից ամեն ամիս, ոչ թե պարզապես շենքում բնակվելու համար գանձվող յուրատեսակ հարկ է, այլ բարեկարգ շենքում բնակվելու համար նախատեսված ներդրում։ Ո՞վ է մաքրում ձեր շենքի շքամուտքը, վերանորոգում տանիքը, թարմացնում պատերի ներկը, ծառ ու ծաղիկ տնկում բակում: Եթե պատասխաններից որևէ մեկում չկան «համատիրություն», «կառավարիչ» կամ «վարչական շրջանի ղեկավարություն» բառերը, ուրեմն ձեր շենքում օրենք է խախտվում։ Ինչի՞ համար են համատիրությունները հարցի պատասխանը, ըստ Երևանում անցկացրած մեր հարցման, շատերը չգիտեն։ Բնակիչները վճարում են, որովհետև պետք է վճարեն, որովհետև պարտք կմնան, որովհետև եթե մի օր որոշեն վաճառել բնակարանը, միևնույն է, չվճարած գումարը պիտի փոխհատուցեն։ Բայց սրանք, կարծես, ամսական վճարումներ անելու բավարար հիմքեր չեն։ Ի՞նչ պետք է անի համատիրությունը, ինչո՞ւ է քաղաքապետարանը մտադրվել արմատախիլ անել այդ համակարգը, ի՞նչ այլընտրանք է առաջարկվում․ այս էպիզոդը շենքերի պահպանման շերտերի մասին է։ «Ինչ-որ մի կետում պիտի մեր լիազորությունների վերազանցման սահմանը գծենք, էլի, որովհետև լավ, վերելակները փոխարինենք, հիմա էլ սպասարկումը, սպասարկումն էլ մենք անենք, հետո էլ ասենք՝ լավ համատիրությունը սա էլ չի կարողանում անել, սա էլ անենք։ Համատիրություններն ինչների՞ս է պետք այդ դեպքում»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստի ընթացքում։ Սա նրա արձագանքն է «վերելակները դրեցինք, բայց սպասարկումը ուշանում է, ի՞նչ կարող ենք անել» հարցին։ Քաղաքապետարանն անել կարող է, բայց պե՞տք է անի։ * ընդհանուր գույքի՝ տանիքի, աստիճանավանդակների, նկուղների և այլ ընդհանուր տարածքների պահպանություն *վերելակների և ընդհանուր սարքավորումների սպասարկման կազմակերպում *ընթացիկ և անհրաժեշտ վերանորոգումների կազմակերպում Այս ամենը կազմակերպելու համար քաղաքացիները գումար են հավաքում ու տալիս, ըստ օրենքի, իրենց կողմից ձևավորված համատիրությանը։ Վերջինը պարտավորվում է այդ գումարը ծախսել ըստ նշված կարիքների ու ներկայացնել հաշվետվություններ։ Սա՝ ըստ օրենքի։ –Չգիտեմ՝ ինչ են անում։ Ես մի անգամ հարց տվեցի՝ ձեր պարտականությունների, իմ պարտականությունների մեջ ի՞նչ է մտնում, աշխատողն ասաց` չգիտեմ, ասացի` ես ո՞ւմ դիմեմ, ասաց՝ պետռեգիստր, պետռեգիստր մեռա զանգելով, ոչ մի բան չկարողացա իմանալ,- ասում է մեր հարցման մասնակիցներից մեկը։ -Բայց վճարո՞ւմ եք հիմա։ -Բա ի՞նչ եմ անում, պարտաճանաչ։ -Ինչի՞ համար։ -Չգիտեմ, պարտք ենք կուտակել, մի քանի տարի չվճարեցի, լիքը պարտք կուտակվեց։ Դե՝ եթե իմ իրավունքների մասին դուք գիտեք, ասեք, ես էլ իմանում։ «Ամբողջ քարոզարշավի ընթացքում ում ասել եմ՝ դուք եք ընտրում էդ մարդկանց, ասել են՝ մենք իրենց չենք ընտրել, մենք չգիտենք իրենք ոնց են դարձել։ Պետք է նոր, նորմալ ընտրություններ կազմակերպվի և արմատախիլ արվի այդ պորտաբույծների համակարգը»,- ասում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համատիրություններին նոր չէ, որ մեղադրում են անգործության մեջ։ 2023 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրած Դավիթ Խաժակյանի նախընտրական ծրագրի առաջին կետը դրանք վերացնելու մասին էր։ Ի՞նչ է փոխվել երեք տարիների ընթացքում․ ոչինչ՝ ասում է Խաժակյանը։ «Մոտավոր տվյալներով՝ համատիրությունները համախառն հավաքում են շուրջ 4 միլիարդ դրամ, և եթե ուսումնասիրենք յուրաքանչյուր համատիրության հաստիքացուցակը և ծախսային մասը, կտեսնենք, որ նրանց բյուջեի ընդհանուր 70-80 տոկոսն ադմինիստրատիվ ծախսերին է ուղղված, այսինքն` հաշվապահի աշխատավարձին, համատիրության նախագահի աշխատավարձին և այլն։ Եվ երբ տեսնում ենք, թե որքան գումար է կազմում պահպանման ծախսը շենքի վրա, հասկանում ենք, որ համատիրությունները, անգամ ծայրագույն այն խնդիրները, որոնք լինում են կոմունալ առումով` որևէ խողովակի պայթյուն և այլն, կարողանում են դա լուծել միայն հավելյալ գումար հավաքելով»,- նշում է նա։ Ստացվում է, որ համատիրությունները հաճախ գումարներ են հավաքում միայն իրենք իրենց աշխատավարձ տալու համար։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ Երևանի 5090 բազմաբնակարան շենքերից 4594-ի՝ ավելի քան 90 տոկոսի կառավարումն իրականացվում է 301 համատիրությունների կողմից, 157 շենքի կառավարումն իրականացնում են լիազորագրային կառավարիչները, 3-ինը՝ հավատարմագրային կառավարիչները, իսկ 336 շենք կառավարվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից: Չի կարելի անգործության մեջ մեղադրել համատարած բոլոր կառույցներին, քանի դեռ մեկ առ մեկ չենք ստուգել բոլորի աշխատանքը։ Սա խնդրի հաջորդ շերտն է․ մենք դա անել չենք կարող։ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կարդում ենք՝ Կառավարիչն ամեն ամիս, ամենաուշը մինչև ամսի 15-ը, պարտավոր է ներկայացնել հաշվետվություն։ Դրանում երևալու է՝ Այս տվյալները հասանելի են բնակիչների համար։ Բայց մեր՝ նույնիսկ համատիրությունների աշխատանքից գոհ զրուցակիցներն անգամ մեծ մասամբ չգիտեն, թե ինչ կարող են ակնկալել այդ կառույցներից։ Ահա մեր հարցման մասնակցիներից մի քանիսի հետ զրույցից պատառիկներ։ – Շատ գոհ ենք։ – Ի՞նչ են անում։ – ժամանակին մենք այդ մուծումն ենք անում, այսինքն՝ ի՞նչ պետք է անեն իրենք։ – Դուք մուծումն եք անում, իսկ իրենք ոչինչ չպիտի՞ անեն, – Չգիտեմ, ի՞նչ պետք է անեն, իրենց պարտականությունը ո՞րն է։ -Իսկ ինչի՞ համար եք վճարում դուք։ – Աղբի, տեղի, որ շատ նորմալ ամեն ինչ արվում է։ – Ճիշտն ասած՝ ես համատիրության ֆունկցիաները չգիտեմ։ – Բայց վճարո՞ւմ եք ինչ-որ գումար։ – Հա՛, վճարելը վճարում եք, բայց համատիրությունը․․․ չէ, ստեցի, էս վերջերս ասացի` տանիքը կաթում է, եկան, ինչ-որ գործողություն արեցին, անձրև գա՝ կհասկանանք, լա՞վ են արել, թե՞ չէ։ «Պայմանագրով եմ վճարում, ասում եմ` եկեք շենքում գործ արեք, վճարեմ։ Ներկա պահին 10,000 պիտի վճարեմ, չեն գալիս գործ անեն։ Ինձ համար էլ է տհաճ, որ պարտք եմ, գալիս են, պահանջում են, բայց աշխատանք չեն կատարում»։ Բնակիչների մի մասը չի վճարում, որովհետև ծառայություն չի ստանում, համատիրությունը չի աշխատում, որովհետև բնակիչը չի վճարում։ Երբ երկու կողմերն էլ իրենց հիմնավորումներն ունեն, երրորդ կողմի միջամտության կարիքն է զգացվում։ Բայց համատիրությունը, կարծես, Հայաստանի ամենաինքնիշխան կառույցներից է։ Նրա գործերն անքննելի են հասարակ մահկանացուների ու ուժի մենաշնորհ ունեցողի՝ պետության համար։ Այդ դեպքում ինչպե՞ս է քաղաքապետարանն արմատախիլ անելու այդ համակարգը։ «Այդքան դժգոհություն երկրում չկա ինչ-որ կառույցից, ինչ-որ պետական ապարատից, ինչքան համատիրություններից, և վերջապես՝ մենք ուզում ենք գնալ հստակ, կոնկրետ փոփոխությունների, և մենք բնակիչներին ասում ենք՝ ժողովուրդ ջան, երբ մենք հարցնում ենք` դուք եք ընտրել, իրենք ասում են` տեղյակ չենք առհասարակ՝ ոնց են ընտրվել։ Ու մենք հիմա ասում ենք, որ ժողովուրդ ջան, գնացեք, ընդհանուր ժողով արեք, ձեր շենքում ստորագրահավաքները, բոլոր հնարավոր իրավական մեխանիզմները գործարկեք, որպեսզի դուք ունենաք համատիրության նախագահ, որին ստիպված չեք լինի օրերով զանգել, անպատասխան զանգեր գնան, խնդրանքներ և այլն, և այլն»,- ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արման Անդրեասյանը հեռախոսազանգի ընթացքում։ Նրա հետ մեր հանդիպումը չի ստացվում «բնակիչների հետ համատիրությունների մասին քննարկումների արանքում ժամանակ չի մնում» հիմնավորմամբ։ Բողոքները, ասում է, չեն դադարում։ «Հերթական դժգոհության հետքերով էի գնացել։ Ամեն քայլափոխի, եթե նկատել եք, օրինակ, երբ քաղաքապետը գնում է վարչական շրջան շրջայցի, ամենայն անկեղծությամբ եմ ասում ու պատասխանատվությամբ, բնակիչների բարձրաձայնած հարցերի 90%-ը վերաբերվում են համատիրություններին և համատիրության նախագահներին։ Բարձրաձայնում են հարցեր, որոնք այնքան պարզ խնդիրներ են, որ դրանց համար համատիրությունները գումարներ է հավաքագրում, դրանք շատ հեշտ ու շատ արագ լուծվող խնդիրներ են, բայց դա տևում է ամիսներ, շաբաթներ, մինչև մենք ենք միջամտում վարչական շրջանների ղեկավարների միջոցով»,- ասում է Անդրեասյանը։ Այսպես, քաղաքապետարանն իր առաջ խնդիր է դրել՝ մինչև 2027 թվականի մայիս այդ համակարգը պետք է ամբողջովին վերանայվի։ Ի՞նչ է տեղի ունենալու այս պահին աշխատող համատիրությունների նախագահներին փոխելուց հետո։ «Այս լուծումները ստանալուց հետո նաև պատրաստակամ ենք բյուջե հատկացնել խնդիրների ավելի արագ լուծման նպատակով։ Բայց դա մի պարագայում, երբ մարդիկ ընտրեն համատիրության նախագահին, ում հետ ուզում են աշխատել և, անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետարանը նաև միջոցներ կուղղի այդ նպատակով»,- ասում է քաղաքապետի խորհրդականը։ Կա բողոք, կա խնդիր և կա առաջարկվող լուծում։ Ինչպե՞ս է այն աշխատելու ու ի՞նչ արդյունք է տալու․ այս հարցերի մասին դեռ միայն կարելի է ենթադրություններ անել։ Մի բան հստակ է՝ մինչև 2000-ականները հիմնադրված համատիրությունների խնդիրը տարիներ շարունակ եղել է քննարկված, բայց այդպես էլ օրակարգային չդարձած։ Ինչո՞ւ ենք առանձնացնում մինչև 2000-ականները կառուցված շենքերը։ Քննարկումների կենտրոնում հիմնականում հիշատակվում է, որ վիճակն անթույլատրելի է հին շենքերում և առաջնահերթ պետք է բացել այնտեղ առկա խնդիրների շերտերը։ Բայց արդյո՞ք նորակառույց շենքերի բնակիչները հասկանում են՝ ինչի համար է իրենց համատիրությունը և ինչու են վճարում հին շենքերի համեմատ բավականին բարձր գումարներ։ Նոր շենքերի հին խնդիրների շերտերը կփորձենք բացել հաջորդ շաբաթ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
