Հասարակություն
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, ըստ օպերատիվ տվյալների, հանցավոր խումբ է ստեղծել՝ ներգրավելով տարբեր բնակավայրերի հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, նախապատրաստել և կատարել են մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։ ՆԳՆ հաղորդագրությունը՝ ստորև․ Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։ Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
