Մոտ մեկ ամսից սպասվող համայնքային ընտրությունների թեժ կետերից կլինի Տավուշի Նոյեմբերյան համայնքը: Իշխող ուժի դեմ պայքարում է գործող ընդդիմադիր համայնքապետը, որ 2021-ին հաղթել էր վարչապետ Փաշինյանի թիմին: Արսեն Աղաբաբյանն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է: Կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ Նոյեմբերյանում կրկնվի Գորիսի սցենարն ու ընդդիմադիր թեկնածուն վարչապետ Փաշինյանի թիմակիցների հետ համագործակցի: Գորիսում երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքի թեկնածուն էր: Դաշինքը 93 տոկոս քվե ստացավ: «Քաղաքացիական պայմանագրի» հետ կարող ենք քննարկել բացառապես իրենց հեռացման հարցը, որևէ համագործակցություն չի եղել ու չի լինի: Բացառված է, մեր հինգ տարվա քաղաքական ճանապարհը դա ապացուցել է, իմաստազուրկ է քննարկել ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցության որևէ ձևաչափ», - ասում է Մեսրոպ Առաքելյանը: Նրա կարծիքով՝ նոյեմբերի 29-ի ընտրություններից հետո Փաշինյանի թիմն այստեղ կշարունակի մնալ ընդդիմության կարգավիճակում: Առաքելյանի հետ համաձայն չէ իշխանության ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը: Կարծում է՝ իրենց կհաջողվի ընտրողների հետ համագործակցել ու ստանալ վստահության քվե: «Հասարակության մեջ միգուցե լինի էդ համերաշխությունը և այլ ընտրություն անեն», - ասում է իշխանական պատգամավորը: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Մխիթար Խաչիկյանն է: Նախկինում Դովեղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ է աշխատել, Հանրապետականի իշխանության օրոք Նոյեմբերյանի ավագանու անդամ է եղել: Վերջին տասը տարին էլ ղեկավարում է «Տրանսգազ» ընկերության Դիլիջանի մասնաճյուղը։ Պատգամավոր Հակոբյանի տպավորությամբ՝ 2021-ի ընտրություններից հետո շատ բան է փոխվել, կարծում է՝ այս անգամ Նոյեմբերյանում էլ կփոխվի պատկերը: «Հայաստանում էդպիսի համայնք չկա, որ բան չի փոխվել ու հսկայական աշխատանք չի կատարվել», - վստահ է իշխող կուսակցության վարչության անդամը: Նոյեմբերյանում համայնքապետի պաշտոնի համար պայքարելու է նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: «Ապրելու երկիր»-ը սպասվող համայնքային ընտրությունների մյուս թեժ կետում էլ է լինելու՝ Կապանում: Այստեղ իշխանության գլխավոր մրցակիցը ՔՊ-ին երկու անգամ հաղթած համայնքապետ Գևորգ Փարսյանն է: ՔՊ-ն այստեղ պարտվել է 2018 և 2021 թվականների ընտրություններում: Մեսրոպ Առաքելյանը խոստանում է նոյեմբերի 29-ին աջակցել ընդդիմադիր համայնքապետին, եթե ՔՊ-ին պարտության մատնելու հարցում օգնելու կարիք լինի. «Եթե ընտրությունների արդյունքներն այնպես լինի, որ մեր ներգրավվածության անհրաժեշտությունը լինի ՔՊ-ին իշխանազրկելու հարցում, կլինենք իրենց կողքին»: Նոյեմբերի 29-ին ընտրություններ կլինեն 14 համայնքում: Խորհրդարանական ընդդիմադիրներից «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Սպիտակում, Դաշնակցությունը՝ Մեծամորում: Հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում ՔՊ-ն 19 համայնքներից միայն 2-ում՝ Ստեփանավանում և Եղեգնաձորում չէր ստացել 50+ տոկոս քվե: