Նոյեմբերյան համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ,

Ունենալով համայնքային կառավարման գրեթե 20 տարվա փորձ՝ 2021 թվականից ստանձնել եմ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ մեկ հստակ նպատակով՝ անմնացորդ, շուրջօրյա ռեժիմով ծառայել մեր համայնքին և նրա բնակիչներին։

Այս տարիների ընթացքում առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքներով՝
• Նվիրում համայնքին՝ յուրաքանչյուր ընտանիքի խնդիրը համարել իմ անձնականը և այն լուծել ամբողջ նվիրումով
• Պրոֆեսիոնալիզմ՝ ունենալ գործին տեղյակ, փորձառու թիմ, ովքեր արագ և որակյալ լուծումներ են տվել համայնքի խնդիրներին
• Կոռուպցիայի նկատմամբ՝ զրո հանդուրժողականություն։ Համայնքի համար նախատեսված յուրաքանչյուր միջոց պետք է ծառայեցվի իր նպատակին՝ ի շահ բնակիչների և համայնքի զարգացման։

Հինգ տարի առաջ ձեզ տրված խոստումների իրագործումը, համայնքում կատարած աշխատանքները, համայնքի բնակիչների հետ ամենօրյա շփումներն ինձ վստահություն են տվել՝ ևս հինգ տարի ստանձնել Նոյեմբերյան համայնքը ղեկավարելու պատասխանատվությունը։

Սիրելի՛ նոյեմբերյանցիներ,

Նոյեմբերի 29-ի ընտրություններում կրկին գլխավորելու եմ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը։

Առաջիկայում կներկայացնենք մեր հնգամյա գործունեության հաշվետվությունը՝ ամփոփելով կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա տարիների համար Նոյեմբերյան համայնքի զարգացման մեր ծրագիրն ու առաջնահերթությունները։