Միջազգային
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Հոկտեմբերի 30-ին Իտալիայի ավելի քան 60 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ կենսապահովման ծախսերի աճի և ռազմական ծախսերի ավելացման։ Ցույցերին զուգահեռ երկրում հայտարարվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ․ գրում է dw.com-ը։ Ցույցերը կազմակերպած արհմիության տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 1-1,5 միլիոն մարդ, իսկ ՆԳՆ-ի տվյալներով՝ 255 հազար։ Միաժամանակ երկրում անցկացվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ։ Մասնավորապես, ցուցարարները դժգոհություն են հայտնել բնակարանների վարձակալության գների և վառելիքի թանկացման կապակցությամբ։ Ցուցարարների կարգախոսներից մեկը եղել է՝ «Մեզ ավելի շատ բնակարաններ են պետք, ոչ թե ավելի շատ ռումբեր»։ Ինչպես նշում է ANSA-ն, քաղաքների մեծ մասում բողոքի ակցիաներն անցել են խաղաղ, բացառությամբ Հռոմի և Թուրինի։ Այնտեղ ցուցարարների մի մասը երեկոյան սկսել է այրել աղբամանները և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ «Ձեռնարկված միջոցները եղել են հավասարակշռված և արդյունավետ։ Հենց դա է թույլ տվել պաշտպանել քաղաքացիների հիմնարար իրավունքներից մեկը՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը, չնայած առանձին անձանց՝ անկարգություններ և բռնություն հրահրելու փորձերին»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին։ Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին Իտալիայում անցկացված բողոքի ակցիաները վերջին շաբաթներին եվրոպական այլ երկրներում անցկացված ցույցերի ալիքի մասն են։ Մասնավորապես, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներն ուղեկցվել են ջարդերով և ոստիկանության հետ բախումներով։ Նման ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում։ Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի ավելի քան 30 քաղաքում նմանատիպ բողոքի ակցիաներ կանցկացվեն։ Դրանց մասնակցության կոչ է արել Gen-Z regelt («Սերունդ Z-ն է որոշում») շարժումը։ Ակնկալվում է, որ ցույցերին կմասնակցեն հիմնականում երիտասարդ տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանք իրենց դժգոհությունը կհայտնեն կյանքի թանկացման և պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերականգնման կապակցությամբ, ինչպես նաև կպահանջեն ավելացնել կրթության ոլորտի ծախսերը։ Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
