Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի շրջանակներում շահառուներին 2026 թվականին ավելի շատ գումար կվերադարձվի, քան նախատեսված էր պետական բյուջեով։ 2015-ին մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ կառուցվող առանձնատան հիփոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։ Ի սկզբանե, 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված էր հիփոթեքային վարկառուներին ամբողջ տարվա կտրվածքով վերադարձնել գրեթե 102.2 մլրդ դրամ։ Սակայն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաշվարկել և կանխատեսել է, որ մինչև տարեվերջ վերադարձվող գումարները նախատեսվածից 4.4 մլրդ դրամով ավելի կլինեն։ Դրանից 2.4 մլրդ դրամը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։ ՊԵԿ-ը նոյեմբերի 5-ի Կառավարության նիստին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկել է մնացած 2 մլրդ դրամը ևս հատկացնել՝ բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով։ Նպատակը, ըստ ՊԵԿ-ի, վերադարձման ենթակա գումարները շահառուներին ժամանակին և լրիվ ծավալով փոխանցելն է։ Եթե ծրագրի մեկնարկին վերադարձվող գումարները տարեկան 1-2 մլրդ դրամ էին, ապա 2026 թվականին դրանք առաջին անգամ կհատեն 100 մլրդ դրամի շեմը։ 2025 թվականին վարկառուներին է վերադարձվել 95.6 մլրդ դրամ։ ՊԵԿ-ի հաշվարկներով՝ այս տարվա առաջին երեք եռամսյակներում շահառուներին արդեն իսկ վերադարձվել է 78.6 մլրդ դրամ։ «Հաշվի առնելով նաև 2026 թվականի առաջին երեք եռամսյակների փաստացի ցուցանիշները՝ 2026 թվականի տարեկան վերադարձի ընդհանուր ծավալը կանխատեսվում է շուրջ 106.5 մլրդ դրամ»,- նշված է նախագծում։ Քանի որ փոփոխությունն իրականացվում է բյուջեի վերաբաշխման հաշվին, նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։ Նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում՝ չզեկուցվող կարգով։ Հիշեցնենք, որ 2025-ի վերջին ևս պարզ դարձավ, որ ի սկզբանե բյուջեով նախատեսված եկամտային հարկի վերադարձի ընդհանուր գումարը չի բավարարում։ Տարվա ընթացքում կառավարությունը ստիպված էր ավելացնել այն։