Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 5-ին 3 ամսով երկարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Մինչև դատարանի որոշման հրապարակումը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանական կողմը պահանջել է, որ կալանքի ժամկետի երկարացման հարցը քննարկվի անհատական և առարկայական հիմքերով։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատական նիստում չեն ներկայացվել փաստարկներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա պաշտպանությունը պարտավոր չէ ինքնուրույն ենթադրություններ անել և հակափաստարկներ ներկայացնել։ Նման վտանգի առկայությունը պետք է հիմնավորի մեղադրանքի կողմը կամ դրա մասին դատական նիստում մատնանշի դատարանը։ Նշենք՝ Ծառուկյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կալանավորման որոշումը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։ Ծառուկյանի կալանավորումից մեկ օր առաջ՝ 2026թ.-ի հուլիսի 6-ին, Քննչական կոմիտեի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի խումբ անձինք 2022-2024 թվականներին առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քննչական գործողություններին անդրադարձել էին նաև 7 ընդդիմադիր կուսակցություն և մեկ քաղաքացիական միավորում։ Համատեղ հայտարարությամբ նրանք դատապարտել էին Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն ու նրան պատկանող ձեռնարկություններում կատարվող խուզարկությունները՝ դրանք որակելով քաղաքական դրդապատճառներով սանձազերծված հալածանք և մարտահրավեր ողջ հասարակությանը։