Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրում երեք մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, գրում է Current time-ը։ Նրա խոսքով՝ վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի տներ և ավտոտնակներ։ Սամար քաղաքում (Քաղաքը գտնվում է Սամարա գետի աջ ափին) և Դնեպրի շրջանի Նովոալեքսանդրովսկայա համայնքում վնասվել են ենթակառուցվածքներ, Պավլոգրադում՝ մասնավոր տներ, իսկ Կամենսկի և Սինելնիկովոյի շրջաններում՝ ձեռնարկություն և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Կիևի մարզի Բուչայի շրջանում հարվածի տակ է հայտնվել լոգիստիկ ենթակառուցվածքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհը տեղայնացվել է, այժմ ընթանում են փլատակների մաքրման աշխատանքներ։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Օդեսայի մարզում վնասվել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մասամբ ավերվել է առաքման ծառայության պահեստային տարածքը, վնասվել է բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող մասնավոր ձեռնարկության վարչական շենքը, ինչպես նաև կոտրվել են քոլեջի և հանրակացարանի պատուհանները։ Լույս նոյեմբերի 5-ի գիշերը Ռուսաստանը, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով, Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-35 երկու հրթիռ և 128 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանցից 105-ը խոցվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է Խարկովի մարզի Նովի Կորոտիչ ավանում գտնվող «Նովայա պոչտա» ընկերության տերմինալը, Դնեպրոպետրովսկի մարզի էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Օդեսայից 52 կմ հեռավորության վրա՝ Սև ծովում գտնվող բեռնատար նավը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը