Միջազգային
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակը կարող է նպաստել Վաշինգտոնի կողմից Ուկրաինային աջակցության ուժեղացմանը։ Այս մասին նա ասել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «Европейская правда»-ն։ Զելենսկին հույս է հայտնել, որ հաջորդ տարի դեմոկրատների կողմից Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ստանձնելու արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Կիևի համար։ «Մենք ունենք երկկուսակցական աջակցություն՝ երկու կուսակցությունների կողմից։ Ես շնորհակալ եմ նաև հանրապետականներին, սակայն դեմոկրատները շատ հստակ են արտահայտվում Ուկրաինային աջակցելու և օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Նրանք խոսում են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերի վերականգնման մասին, որոնք վերջին տարիներին որոշ չափով թուլացել են։ Առանց այդ կապերի և հարաբերությունների շատ դժվար է դիմակայել Պուտինին»,- հավելել է նա։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից օգնության ավելացումը կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և դրդել նրան դադարեցնել պատերազմը։ «Եթե Կոնգրեսն այժմ խոսի Ուկրաինային հզոր ֆինանսական աջակցության կամ ռազմական օգնության մասին, ինչպես այսօր անում և ցուցադրում է Եվրոպան, ապա դա դրական գործոն կդառնա, որը կազդի Պուտինի վրա։ Այդ դեպքում Պուտինը կմտածի՝ արդյոք իմաստ ունի շարունակել պայքարը և պատերազմը, եթե աջակցությունն աճում է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցության ուժեղացումը կնպաստի բանակցությունների մեկնարկին և հնարավոր խաղաղության հաստատմանը։ Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում։ Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել Կոնգրեսում մեծամասնություն կազմած դեմոկրատների հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
