Սպորտ
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր դիրքորոշումն է հայտնել ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ: «Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ ՀՖՖ գործկոմի անդամի պաշտոնում առաջադրվելու համար այլևս պարտադիր չեն հայերենի իմացությունը և նախորդող մեկ տարվա ընթացքում երկրում մշտապես բնակվելու պահանջը։ «Ուրարտու» ՖԱ-ն դեմ է քվեարկել։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին։ Առաջադրումից առաջ Հայաստանում բնակվելու պահանջը տալիս էր գոնե նվազագույն երաշխիք, որ թեկնածուն ծանոթ է հայկական ֆուտբոլի և այն խնդիրներին, որոնց ակումբներն ամեն օր բախվում են։ Իսկ հայերենի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատելու կազմակերպության ողջ փաստաթղթաշրջանառության հետ, որը վարվում է պետական լեզվով։ ՀՖՖ կանոնադրության ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Ընտրություններին մասնակցելու չափանիշները պետք է արտացոլեն ազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը երկրի ֆուտբոլային հանրության առջև։ Հետևաբար, «Ուրարտու» ՖԱ-ն հանդես է գալիս երկու պահանջների պահպանման օգտին։ «Ուրարտու» ՖԱ-ի համար առաջնային նշանակություն ունի ՀՖՖ նախագահի արդար ընտրությունների անցկացումը։ Այս հարցում ակումբի հետագա բոլոր քայլերն ուղղված են լինելու ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին կայացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որում ՀՖՖ անդամ 29 ակումբներ կողմ էին քվեարկել կանոնադրության փոփոխությունների նախագծին: Դեմ էին քվեարկել միայն «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»: Կանոնադրության փոփոխության արդյունքում՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլևս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելը և հայերենին տիրապետելը։ Պահպանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները: Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նմանատիպ նյութեր Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից» «Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը» Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
