Ազգային ժողովում մեկնարկեցին 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները. հաջորդ տարի կառավարությունը ծրագրում է ներկայիս փոխարժեքով 11 միլիարդ 120 միլիոն դոլար ծախսել, ինչի համար անհրաժեշտ կլինի ևս 1.29 միլիարդ դոլար պարտք վերցնել: «Կապիտալ ծախսերի աճը պլանավորվում է 2017 թվականի համեմատ 223 տոկոսով կամ 3,2 անգամ աճ, իսկ 2021 թվականի համեմատ՝ 253 տոկոսով կամ 3,5 անգամ աճ, կրթության ոլորտում աճը 2017 թվականի համեմատ պլանավորված է 181 տոկոս կամ գրեթե եռապատիկ, 2,8 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ աճը՝ 135 տոկոս կամ 2,3 անգամ», - նշեց վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց, թե որ ոլորտում պետության ծախսերը որքան են աճելու, սակայն իր ելույթում որևէ կերպ չհիշատակեց, որ հաջորդ տարի շուրջ 420 միլիարդ դրամ՝ շուրջ 1.20 միլիարդ դոլար տրամադրելու են միայն պետական պարտքի սպասարկմանը՝ մարումներին ու տոկոսագումարների վճարումներին. այս գումարը պետության ընդհանուր ծախսերի ավելի քան 10 տոկոսն է և ավելի շատ է, քան, օրինակ, կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, ներքին անվտանգության և բազմաթիվ այլ առանցքային ոլորտների ֆինանսավորումը: Գործադիրը նախատեսում է հաջորդ տարի ընդհանուր շուրջ 4.1 տրիլիոն դրամ ծախսել՝ ներկայիս փոխարժեքով 11 միլիարդ 120 միլիոն դոլար. ինչպես միշտ սոցիալական ոլորտի ֆինանսավորումն ամենամեծը կլինի՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 3 միլիարդ դոլար կհատկացնեն կենսաթոշակներին նպաստների ու այլ ծրագրերի իրականացման համար. այս գումարը պետության ընդհանուր ծախսերի շուրջ 27 տոկոսը կկազմի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդհանուր բյուջեն թեև աճում է, սակայն մի շարք ծրագրեր կրճատում են, հայտարարել են, որ դադարեցնելու են թաղման նպաստների տրամադրումը և այդ գումարով 1000 դրամով բարձրացնելու են կենսաթոշակները: Թաղման նպաստներից զատ, կրճատում են նաև մի շարք այլ սոցիալական ծախսեր՝ անապահովության նպաստների բյուջեն կրճատում են շուրջ 9 միլիարդ դրամով: Մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարում էր, թե կենսաթոշակները բարձրացնել չեն կարող՝ գումար չկա, սակայն գարնանը՝ ընտրություններից ամիսներ առաջ, որոշեցին պահուստային միջոցների հաշվին 10 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները: «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն այսօր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հիշեցրեց այդ հայտարարությունները. «Առաջարկում եմ հրաժարական ներկայացնել ամբողջ կառավարությունով, որովհետև եթե դուք մի ամբողջ կառավարություն, որտեղ հարյուրավոր աշխատակիցներ են աշխատում, Կենտրոնական բանկը նոր ասաց՝ մոտ 800 աշխատող ունեն, բոլորդ միասին տնտեսության կանխատեսում չեք կարողանում անել, դա նշանակում է, որ դուք ուղղակի կոմպետենտ չեք»: Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե դուք ավելի կոմպետենտ եք, դուք արեք էդ կանխատեսումը, եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ»: Ֆինանսավորման ծավալով երկրորդը Պաշտպանության նախարարությունն է. շուրջ 620 միլիարդ դրամ կտրամադրեն՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.7 միլիարդ դոլար: Այս տարվա համեմատ պաշտպանական ծախսերը ընդլայնվում են շուրջ 9.5 տոկոսով: Պաշտպանական ծախսերը նաև Ադրբեջանն է ընդլայնում՝ 1.1 տոկոսով. հաջորդ տարի Ադրբեջանը նախատեսում է այս ուղղությամբ շուրջ 5.20 միլիարդ դոլար ծախսել՝ Հայաստանից ավելի քան երեք անգամ շատ: Երրորդը Ֆինանսների նախարարությունն է՝ պետական պարտքի սպասարկման համար հատկացվող շուրջ 1.20 միլիարդ դոլարով, հաջորդում են Կրթության, Տարածքային կառավարման, Առողջապահության նախարարությունները, մյուս գերատեսչությունների ֆինանսավորումն ավելի փոքր է: Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո առողջապահության բնագավառը հաջորդ տարի ամենաարագն ընդլայնվող ուղղությունը կլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեի խորհրդարանական քննարկումները կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում, ապա պատգամավորները հնարավորություն կունենան գրավոր առաջարկներ ներկայացնել գործադիրին, երկու շաբաթից նախագիծը կքննարկեն լիագումար նիստում: