Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ «Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ և աղբոտվել՝ 246քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։ Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։ Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրությունում։