Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ զգուշացնում է՝ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխաններ տա և դրանց հետո անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի: «Եվ այդ պարագայում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային նման տրամադրությունը լինի», - այսօր խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը նոր Սահմանադրության թեմային անդրադարձավ հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Նորից շեշտեց, որ իր կառավարության առաջիկա «ամենակարևոր անելիքը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացնումն է»: Նա լեգիտիմ համարեց ընդդիմության հարցադրումները հայ - ադրբեջանական խաղաղության ու նոր Սահմանադրության մասին, որի նախագիծը, ըստ վարչապետի, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս ամիս: Փաշինյանը իր ելույթում ամփոփեց ընդդիմության հարցադրումները. - «Խնդիրը հետևյալն է՝ երբ Հայաստանը ընդունի նոր Սահմանադրությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի: Արդյոք ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ տեղի է ունենալու համապարփակ խաղաղություն, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կոնկֆլիկտային օրակարգեր այլևս չեն լինելու»: Եթե Հայաստանի կառավարող ուժը բարձրացված այս ու դրանց հետևող մյուս հարցերին «հստակ ու համոզիչ» դրական պատասխան տա, Փաշինյանը կարծում է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: «Եթե մենք այս հարցերին ունենանք հստակ դրական պատասխաններ, և եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունը իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացը, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը», - հայտարարեց նա՝ խոստանալով, որ այդ պարագայում հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ: Թեև Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ներքին օրակարգ, բայց խորհրդարանական ընդդիմադիրներն այն անվանում են «Ալիևի Սահմանադրություն»: Բաքուն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետ պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ: Նոր Սահմանադրության նախագծի բովանդակությունը հայտնի չէ, հանրայնացվել է միայն այն, որ նոր տեքստում այլևս չի լինի հղումը Անկախության հռչակագրին: 1990 թվականին ընդունված այդ փաստաթղթում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի 1989 թվականին ընդունած որոշումը: