9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Սա. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։ Նրա թիմակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հետապնդման ենթարկվողների թվում է նաև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2016-2024 թվականներին, Ս.Կ.-ի կազմակերպմամբ, ՀԷՑ-ի մի շարք պատասխանատու անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, հափշտակել ընկերության գույքը և կատարել փողերի լվացում։ Ըստ քննության՝ ընկերության բնականոն գործունեության անհրաժեշտությունից չբխող վարկային միջոցներ են ներգրավվել, ապա գումարներ են տրամադրվել որպես շահաբաժիններ, փոխառություններ և կանխավճարներ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։ Նախաքննության շրջանակում այսօր միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում։ Քննիչը որոշում է կայացրել նաև 36 անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահումը կազմակերպելու, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելը կազմակերպելու և փողերի լվացման հոդվածներով։