Հասարակություն
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրեթե 5 տարի Սահմանադրության տեքստի վրա աշխատած Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, պարզվում է, պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել նոր Սահմանադրության տեքստի համար։ Այս համոզմունքն այսօր հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Իմ ընկալումը, թերևս, այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել. խոսքը բոլոր գործընկերների համախմբի մասին է, և ոչ թե անհատական պատասխանատվության: Եվ ես առաջարկել եմ հետևյալ տարբերակը, որ մենք կշարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, և խորհրդի անդամները, իհարկե, ազատ կլինեն արտահայտել իրենց կարծիքը որևէ դրույթի վերաբերյալ»,- ասաց նախարարը։ Ավելին, ուշագրավ է, որ տևական ժամանակ տեքստի վրա աշխատած Խորհուրդը հասանելիություն չունի նոր Սահմանադրության նախագծին։ «Պայմանական համարենք, որ ունենք, ենթադրենք, 12 գլուխ և 100-ից ավել հոդված: Մենք այդ հոդվածների, եթե չեմ սխալվում, 70-ից 80 տոկոսը քննարկել ենք: Եվ սա նշանակում է, որ խորհուրդը տեղյակ է տեքստից: Եթե խոսքը նրա մասին է, որ ամբողջ ծավալով ծանոթ չէ այս պահին եղած տեքստին, այո՛, բայց սա նշանակում է, որ ծանոթ չի, բայց պետք է ծանոթանա, ինչպես որ հանրությունը հիմա տեքստի մասին պատկերացում չունի, բայց պետք է ունենա վաղ թե ուշ: Եվ ոչ մի գաղտնի բան իրականում այստեղ չկա»,- նշեց Գալյանը։ 2022 թվականի հունվարին Փաշինյանի որոշմամբ ձևավորված Խորհուրդը սկզբնապես գրեթե ամենաշաբաթյա ռեժիմով քննարկում էր Մայր օրենքում այս կամ այն հոդվածը փոփոխելու մասին հարցերը, բայց դրանից երկու տարի անց՝ 2024-ի հունվարին Փաշինյանը կտրուկ փոխեց որոշումը․ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»։ Փաշինյանի այս որոշումից հետո Խորհուրդն արդեն ձեռնամուխ եղավ նոր Սահմանադրության տեքստի վրա աշխատելուն։ Խորհրդի 11 անդամից 3-ը քաղհասարակության ներկայացուցիչ են, կան նաև գործիչներ արտախորհրդարանական ուժերից։ Խորհրդի կազմում ընդգրկված Դանիել Իոաննիսյանի համար անսպասելի և վրդովեցնող է այն միտքը, որ շուրջ 5 տարի աշխատելուց հետո տեքստը հրապարակում է ոչ թե Խորհուրդը, այլ Արդարադատության նախարարությունը։ Անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած նիստում կրքերը հենց այս հարցի շուրջ էին բորբոքվել։ «Եթե նախկինում Արդարադատության նախարարությունն աջակցող մարմինն էր խորհրդի, հիմա Արդարադատության նախարարությունը փորձում է ավելի շատ դառնալ ոչ թե աջակցող մարմինը, այլ դառնալ նախագծող մարմինը, Սահմանադրություն նախագծող մարմինը, Սահմանադրության տեքստ հրապարակող մարմինը, ինչը անընդունելի է, ինչը «դաունգրեյդ» է անում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, խորհրդի կարգավիճակը»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ Փաշինյանի ստորագրած որոշման՝ Խորհուրդը պետք է քննարկեր և հաստատեր մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը և ներկայացներ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։ Սակայն, այսօր Խորհրդի անդամների մի մասը, փաստացի, ծանոթ չէ գրված տեքստին։ «Հանձնաժողովը չունի ձեռքի տակ այն վերջնական գոնե աշխատանքի արդյունքում ձևավորված նախագիծը, որը ծնվել է այս հանձնաժողովի տարիների ընթացքում եղած աշխատանքի հետևանքով: Եվ պահանջվեց, որպեսզի հանձնաժողովին ներկայացվի, թե վերջիններիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա, ի վերջո, ինչ տեքստ է մշակվել»,- ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։ Օրեր առաջ Սրբուհի Գալյանը Factor TV-ի տաղավարում հայտնեց, որ ըստ ամենայնի, Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի նոյեմբերի կեսին։ Խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը հույս էր հայտնում, որ մինչ այդ ավելի շատ նիստեր կկարողանան գումարել, որ հնարավոր լինի քննարկել այն հոդվածները, որոնք իրենց համար անծանոթ են։ «Տեքստը չի լինելու խորհրդի տեքստը, լինելու էր նախարարության տեքստը: Խորհրդի անդամներն իրենց առաջարկները ներկայացնում են, լոբբինգ են անում: Պետք է մինչև այդ հրապարակվելու պահը խորհուրդը շատ ավելի ինտենսիվ նիստեր գումարի, որ այդ բոլոր գլուխների վրայով կարողանա անցնել, դիրքորոշումներ ճշգրտել, մարդիկ առաջարկներ ներկայացնեն»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ստացվում է՝ Խորհրդի գրեթե 5 տարվա աշխատանքն այսօր կասկածի տակ է դրվում, այնինչ դրա ստեղծվելու ժամանակ Փաշինյանն արդեն հստակ պահանջներ ուներ կազմից. մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Այնինչ, 2026 ի նոյեմբերի 2-ի դրությամբ՝ փոխվել են ինչպես Խորհրդի առջև դրված խնդիրները, այնպես էլ պատասխանատվության սահմանները։ Մանրամասները՝ տեսանյութում։ ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
