Միջազգային
ԱՄՆ-ն սպառնում է կրկին հարվածել, Իրանից կոշտ պատասխան են խոստանում
Իրանցի կինն անցնում է սպանված գերագույն առաջնորդի պատկերով և ազգային դրոշներով զարդարված պատի կողքով Թեհրանի կենտրոնում, 14-ը սեպտեմբերի, 2026 թ. ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Այովա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է`չնայած դեռ չեն վերսկսում ավիահարվածները, բայց ինչ-որ պահի ստիպված կլինեն ուժ կիրառել: Խոսելով Իրանի հետ հնարավոր գործարքի մասին՝ Թրամփն ասել է, որ չեն շտապում այս հարցում: «Մենք այդքան էլ չենք շտապում: Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմածովային, ռազմաօդային ուժերը ... միջուկային օբյեկտները։ Մեկ կամ երկու միջուկային օբյեկտ է մնում, որոնց հարցերը կարող ենք լուծել տասը րոպեում»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հաստատել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն օրեր առաջ նամակ է գրել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի գերագույն քարտուղար Մոհսեն Ռեզային: Սակայն հերքել է մամուլի հրապարակումները, թե նամակը վերաբերում է բանակցությունները վերսկսելուն: Ըստ նրա՝ նամակում Վենսն առաջարկել է օգնել Իրանին բժշկական պարագաներ ձեռք բերելու հարցում: Իրանից արձագանքել է գերագույն առաջնորդը՝ պնդելով, որ «անհապաղ և արդյունավետ» պատասխան կտան ցանկացած սպառնալիքի: Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, հայտարարել է՝ Իրանի պատասխանը չի սահմանափակվի տարածաշրջանով: «Եթե Իրանի թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, Իսլամական Հանրապետության զինված ուժերը և Իրանի ժողովուրդն են որոշելու, թե երբ և ինչ պայմաններում կավարտվեն այդ հարձակումները»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը: Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ, Խամենեին շաբաթ հանդիպել է երկրի բարձրագույն ռազմական հրամանատարներին և հանձնարարել է պատրաստվել հնարավոր նոր պատերազմի: Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն էլ, որին նամակ էր գրել փոխնախագահ Վենսը, զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել Իրանի պայմաններին: Մոհսեն Ռեզային վստահեցրել է՝ Իրանը ոչ մի դեպքում չի նահանջի: «Մենք լուրջ ենք վերաբերվում դիվանագիտությանը, բայց ոչ մի պարագայում չենք նահանջի իրանական ազգի իրավունքները պաշտպանելուց ... Եթե Թրամփը և Ամերիկան հիմա չպատժվեն, վաղը մյուս երկրները կմտածեն, որ կարող են հարձակվել Իրանի վրա՝ առանց գին վճարելու»,- ասել է Ռեզային։ Կիրակի Դոհայում կատարցի միջնորդների հետ իրանցիների բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես պաշտպանվելուն, այնպես էլ դիվանագիտությանը: Աբբաս Արաղչին նաև ասել է, որ Իրանի զինված ուժերը հիմա շատ ավելի ուժեղ է, քան նախորդ երկու պատերազմների ժամանակ և պատրաստ է պաշտպանել իրանցի ժողովրդի շահերը: «Մենք լիովին պատրաստ ենք պաշտպանվել և, միևնույն ժամանակ, պատրաստ ենք դիվանագիտությանը: Թե որ ուղին կընտրեն ամերիկացիները, կախված է նրանց սեփական դատողությունից»,- ասել է Արաղչին։ Իրանի գլխվոր դիվանագետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ողջամիտ կգտնվի և այլ տարբերակների փոխարեն կընտրի դիվանագիտությունը:
Աղբյուր՝ Ազատություն — Միջազգային
