TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը հիմնադրվել է այս տարեսկզբին՝ հունվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից (13.01.2026) երկու շաբաթ անց: Այդ հանդիպման ավարտին դիվանագետները հրապարակեցին փաստաթուղթ, ինչից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»): Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր նահանգում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն: Ինչպես արդեն գրել ենք, TRIPP Development Company-ն եւ TRIPP+ ֆոնդը տարբեր սուբյեկտներ են: Նույն Դելավեր նահանգում հունվարի 26-ին հիմնադրվել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (TRIPP+ Enterprise Fund), որի ղեկավար է նշանակվել ԱՄՆ գործող հանրապետական իշխանությանը եւ, մասնավորապես, նախագահ Թրամփին աջակցող գործարար Կոնստանտին Սոկոլովը: Վերջինս, հիշեցնենք, պաշտոնապես համարվում է Հայաստանի շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20 %-ի բաժնետերը: Նկատենք, որ Դելավերում գրանցված ընկերությունների որոնման պաշտոնական կայքում ֆոնդի անունը նշված է Trans-Caspian Enterprise Fund (Անդրկասպյան / Տրանսկասպյան ձեռնարկատիրական ֆոնդ): Հուլիսին, հղում անելով The Guardian-ին, ներկայացրել էինք այս ֆոնդի սպասվելիք գործունեությունը: Բրիտանական լրատվամիջոցը, իր հերթին հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին, գրել էր, որ ֆոնդը լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում: Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ: Նշել էինք նաեւ, որ ձեռնարկատիրական ֆոնդը ԱՄՆ կառավարության կողմից կիրառվող ֆինանսական մեխանիզմ է, որի արմատները գնում են մինչեւ 1989 թ., եւ այսպիսի ֆոնդերի միջոցով տարիներ շարունակ ԱՄՆ-ն ներդրումներ է կատարում Արեւելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ նախկինում սոցիալիստական ճամբարի մաս կազմած պետություններում: Յուրաքանչյուր ձեռնարկատիրական ֆոնդ գործում է իբրեւ անկախ, ինքնավար կազմակերպություն, որը կառավարվում է տնօրենների խորհրդի կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է դրա գործունեության վերահսկողության համար: 07.08.2026. հոդվածում կատարվել են փոփոխություններ. սկզբնապես նշել էինք, որ ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 մլն դոլարից հասցնելով 402 մլն-ի: Այս մասին տեղեկացել էինք ամերիկյան highergov.com կայքից, որը հետեւում է, մասնավորապես, պետության կողմից հատկացվող դրամաշնորհներին: Ըստ այդմ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական ու եվրասիական գործերի բյուրոն հունվարի 30-ին 201 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել TRIPP+ ֆոնդին: Գումարը պետք է իրացվի գրեթե 11 տարում՝ մինչեւ 2036 թ. դեկտեմբերի 31-ը: Նույն աղբյուրի համաձայն՝ հուլիսի 16-ին կատարվել է փոփոխություն, եւ ԱՄՆ կառավարությունն ստանձնել է պարտավորություն՝ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդին հատկացնել 402 մլն դոլարի դրամաշնորհ (տես ստորեւ): Իրացման ժամկետը մնացել է նույնը՝ մինչեւ 2036-ի տարեվերջ: Ըստ նույն աղբյուրի՝ այս գումարի իրացման հիմնական վայրը լինելու է Հայաստանը: 402 մլն դոլարի մասին տվյալներ է հաղորդում նաեւ ԱՄՆ կառավարության ծախսերը ներկայացնող usaspending.gov պաշտոնական կայքը (էկրանապատկերները տես ստորեւ): Սակայն այստեղ, ըստ էության, տեխնիկական սխալ է եղել, քանի որ Սոկոլովի ղեկավարած ֆոնդին տրամադրված դրամաշնորհի ծավալի փոփոխություն փաստացի չի եղել: Բանն այն է, որ հուլիսի 16-ին ԱՄՆ կառավարությունը որոշել է փոխել դրամաշնորհի հատկացման աղբյուրը, սակայն գումարի ավելացում կամ կրկնապատկում չի եղել: Դրամաշնորհի ծավալի անփոփոխ մնալու մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է նաեւ ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը՝ հավելելով, որ 201 մլն դոլարը «հատակն» է, բայց ոչ «առաստաղը»: Լուսանկարում՝ Կ. Սոկոլովի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ Կառավարությունում, 15.03.2024 թ., աղբյուրը՝ primeminister.am