Մշակույթ
Ինչպես Երեւանյան ավիաջոկատի «Տու-134»-ը վթարային վայրէջք կատարեց Ստավրոպոլի դաշտերում
1972 թ. դեկտեմբերին 22-ին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում վթարային վայրէջք կատարեց Երեւանյան առանձին ավիաջոկատի «Տու-134Ա» ինքնաթիռը (խորհրդային գրանցումը՝ СССР-65668): Զոհեր, բարեբախտաբար, չեղան: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այս օդանավին վիճակված էր ողբերգարական ճակատագիր: Ամսի 22-ին ինքնաթիռն իրականացնում էր Երեւան-Միներալնիե Վոդի չվերթը: Մեծ Կովկասի վրայով անցնելիս՝ Մոսկվայի ժամանակով 16:00-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, վայրէջքի գնացող օդանավի էլեկտրասնուցումն ամբողջությամբ անջատվեց, ինչի հետեւանքով անջատվեցին նավիգացիոն համակարգերը, ապա՝ նաեւ 2 շարժիչները: Այդուհանդերձ, թռիչքային անձնակազմի խիզախության ու արհեստավարժության շնորհիվ «Տու-134»-ը կարողացավ բարեհաջող վթարային վայրէջք կատարել Մին. Վոդիի օդանավակայանից մոտ 28 կմ հյուսիս-արեւելք՝ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկի շրջանի «Ուլյանովսկի» սովխոզի ձնապատ դաշտերում: Վայրէջքի ընթացքում ոչ ոք չտուժեց: Դեկտեմբերի 23-25-ի ընթացքում Մին. Վոդիի օդանավակայանի ավիատեխնիկական բազայի ջանքերով ժամանակավոր գրունտային թռիչքուղի պատրաստվեց այն դաշտում, որտեղ իջել էր Երեւանյան առանձին ավիաջոկատի բորտը: Դրա երկարությունը 2400 մ էր, լայնությունը՝ 40 մ: Դեկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 10:05-ին, СССР-65668-ը թռավ սովխոզի դաշտից ու 10:19-ին վայրէջք կատարեց Մին. Վոդիի օդանավակայանում: Այնուամենայնիվ, վայրէջքի ժամանակ ինքնաթիռի 10 անվադողերից 8-ը վնասվեցին: Նկատենք, որ սա բավականին թարմ բորտ էր. արտադրվել էր 1971-ին, եւ այդ տարվանից շահագործվում էր Երեւանյան առանձին ավիաջոկատի 279-րդ թռիչքային ջոկատի կողմից: Ստավրոպոլի երկրամասի դաշտերում իրականացրած անվտանգ վայրէջքը խոսում էր օդաչուների բարձր կարգի մասին, սակայն այս դեպքից ընդամենը 6 ամիս անց՝ 1973-ի հունիսի 30-ին, այս նույն ինքնաթիռն աղետի ենթարկվեց ԽՍՀՄ սահմաններից դուրս՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ դառնալով 9 հոգու մահվան պատճառ: Ընդ որում՝ ողբերգությունը մարդկային կոպիտ սխալի հետեւանքով եղավ: Այդ մասին՝ հաջորդ հոդվածում: Լուսանկարում՝ «Տու-134Ա» տիպի մեկ այլ ինքնաթիռ, աղբյուրը՝ airwar.ru
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
