Հոկտեմբերի 28-ին COP17-ի շրջանակում անցկացված «Բնություն և խաղաղություն» խորագրով միջոցառմանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հեռանկարներին։ Նա նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում պատմական հնարավորություն է ստեղծվել հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Աբիսողոմոնյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար, սակայն փոխադարձ վստահության ձևավորումը հետևողական աշխատանք է պահանջում։ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Հոկտեմբերի 28-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բնություն և խաղաղություն. բնության դերը հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային իրավիճակներում սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում» խորագրով միջոցառմանը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և հասարակությունների դիմակայունության բարձրացման գործում՝ նշելով, որ շրջակա միջավայրի վատթարացումը, կլիմայի փոփոխությունը և բնական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը կարող են խորացնել առկա մարտահրավերներն ու լարվածությունը, հատկապես` հակամարտություններից տուժած տարածաշրջաններում։ Անդրադառնալով Հարավային Կովկասում զարգացումներին` ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ ամրապնդելու հաստատված խաղաղությունը և նոր հիմքեր ձևավորելու հարևան երկրների միջև հարաբերությունների համար։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար՝ միաժամանակ նշելով, որ փոխադարձ վստահության ձևավորումը պահանջում է հետևողական աշխատանք: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակներում ՀՀ նախագահության չորս նախաձեռնություններին` ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության գործնական ու տեխնիկական աջակցության ընդլայնման գործում։ Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե