Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում հայտնի բժիշկներն ու հաղորդավարները ներկայացնում են շագանակագեղձի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի հիվանդությունների բուժման «մատչելի» միջոցներ՝ սովորական մթերքների կամ խոտաբույսերի օգնությամբ։ «Այս առավոտ Հայաստանում իրարանցում է․ տղամարդիկ զանգվածաբար վերցնում են կոպեկ արժողությամբ բնական խոտ և ընդմիշտ հրաժարվում անօգուտ հակաբիոտիկներից ու պրոստատայի ստորացուցիչ մերսումից»,- հայերենով հայտարարում է ռուս հաղորդավար Միխայիլ Լաբկովսկու նմանակված կերպարը։ Սակայն այս և մյուս տեսանյութերը կեղծ են․ դրանք ստեղծվել կամ փոփոխվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով՝ հայտնի մարդկանց կերպարներն օգտագործելով վստահություն ներշնչելու և օգտատերերին կասկածելի կայքեր ուղղորդելու նպատակով։ James Cater ֆեյսբուքյան էջը հոկտեմբերի 14-ից գովազդային տեսանյութեր է տարածում, որոնցում օգտագործված կադրերը վերցված են 2019-ի մարտի 25-ին «Դոկտոր» ռուսական հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման թողարկումից։ Հաղորդման մասնակիցը ռուս հոգեբան, գրող և հաղորդավար Միխայիլ Լաբկովսկին է։ Տեսանյութին կից գրառմամբ օգտատերերին հորդորում են սեղմել «Իմանալ ավելին» կոճակը, վերցնել Ալեքսանդր Մյասնիկովի գաղտնի բաղադրատոմսը և հինգ օրում ազատվել պրոստատիտից։ Տեսանյութի հաջորդ հատվածում օգտագործվել են ռուս հայտնի սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի իրական տեսագրության կադրերը, որոնցում նրա խոսքը փոփոխվել է ԱԲ-ի միջոցով։ Հղումը տանում է site-glornix[.]rest կայք, որտեղ օգտագործվել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի իրական տեսագրության կադրերը՝ ԱԲ-ի միջոցով փոփոխելով նրա խոսքը։ Տեսանյութում Սիմոնյանը ոչ բնական հայերենով ներկայացնում է բուժման մի մեթոդ, որն իբրև պետք է բնակչությանը տրամադրվի «կառավարության ծրագրով»։ Տեսանյութը ստեղծելու համար օգտագործվել են 2026-ի հուլիսի 8-ին Սիմոնյանի տված հարցազրույցի կադրերը։ Այդ օրը նա հարցազրույց էր տվել շվեյցարական Die Weltwoche պարբերականի գլխավոր խմբագիր Ռոջեր Կյոպելին։ Ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կերպարը հաճախ է օգտագործվում դեղամիջոցներ և այլ բուժիչ միջոցներ գովազդող նմանատիպ տեսանյութերում։ Emily Weeks ֆեյսբուքյան էջի տարածած մեկ այլ տեսանյութում նրա ԱԲ-ով նմանակված կերպարը գովազդում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժման «մեթոդ»՝ կրկին օգտատերերին ուղղորդելով կասկածելի կայքեր։ Տես նաև՝ «Հայտնի բժիշկների դիփֆեյքերով «հրաշք բուժումներ»․ ինչ է թաքնված կեղծ գովազդների հետևում» հոդվածը Նմանատիպ «դեղամիջոց» գովազդող մեկ այլ տեսանյութին կից գրառման մեջ ասվում է․ «95%-ը չգիտի այս գաղտնիքը։ Դեղագործական մաֆիան թաքցնում է ճշմարտությունը։ Սեղմիր հիմա, մինչև տեսանյութը չհեռացնեն»։ Տեսանյութում առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին նմանեցված և Արմեն Սարգսյան անունով ներկայացող «բժիշկը» պնդում է, թե սովորական մթերքների օգնությամբ հնարավոր է ամբողջությամբ մաքրել թոքերը թույներից, խեժերից և կուտակված վնասակար նյութերից։ Տես՝ «Կեղծ բժիշկներ, կեղծ հարցազրույցներ․ ԱԲ դիփֆեյքերով վաճառվող «բուժիչ» միջոցները» Հոլովակը նույնպես օգտատերերին ուղղորդում է site-glornix[.]rest կայք, որտեղ տեղադրված կեղծ հարցազրույցը պատրաստվել է «Alpha News» լրատվամիջոցի լրատվական թողարկման կադրերի հիման վրա։ Տեսանյութում բժիշկ ներկայացող կերպարը կրկին խոսում է բուժման մի միջոցի մասին, որն իբր քաղաքացիներին պետք է տրամադրվի «կառավարության ծրագրով»։ Կայքերում տեղադրված երկարատև կեղծ «հարցազրույցները» դիտելուց հետո օգտատերերին առաջարկվում է գնել տարբեր քսուքներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ կամ «բնական բանաձևեր»։ Ապրանքներն առաջարկվում են շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։ Օրինակ՝ «СИЛА ПЧЕЛЫ» սննդային հավելումը պատվերի ձևակերպման էջում առաջարկվում է «50% զեղչով»՝ 9900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն անվանմամբ հավելման տարբերակները վաճառվում են մի քանի անգամ ավելի էժան՝ շուրջ 2300-3900 դրամով։ Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեսանյութերը կեղծ են։ Դրանցում ԱԲ-ի միջոցով փոփոխվել են հայտնի բժիշկների և հաղորդավարների իրական տեսագրությունները՝ նրանց վերագրելով բժշկական խորհուրդներ և բուժման մեթոդներ, որոնց մասին նրանք իրականում չեն խոսել։ Այս տեսանյութերի միջոցով օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր, որտեղ բուժման արդյունավետության մասին չհիմնավորված խոստումներով սննդային հավելումներ և այլ միջոցներ են առաջարկում ուռճացված գներով։ Հայ-ամերիկյան համագործակցությունից մինչև իրանական չվերթներ. փաստերը՝ մանիպուլյատիվ համատեքստում Թաթա Սիմոնյանի և Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ հերթական կեղծ տեսանյութերն են տարածվում Բայրամովի խոսքում Ադրբեջանի վերահսկողության մասին պնդում չկա Պարզ առաջադրանքներ և նախնական վճարում․ ինչ է թաքնված սոցցանցային գովազդների հետևում Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին