Հասարակություն
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջան կայցելի։ TRT Haber-ը հայտնում է, որ ԱԳՆ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը կմասնակցի Բաքվում կայանալիք CICA-ի՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդի յոթերորդ նիստին՝ ներկայացնելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կծառայի որպես վերջնական փաստաթուղթ, և «Աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտում համագործակցության մասին հռչակագիրը», ինչպես նաև կհայտարարի Լաոսի՝ որպես նոր անդամի անդամակցության մասին։ Հաղորդվում է, որ Ֆիդանը ելույթ կունենա գագաթնաժողովում և երկկողմ հանդիպումներ կունենա։ Գագաթնաժողովի շրջանակում կայանալիք երկկողմ հանդիպումներում Ֆիդանը, ինչպես սպասվում է, կշեշտի գլոբալ ճգնաժամերի և աշխարհաքաղաքական զարգացումների առաջացրած մարտահրավերների առջև խորհրդակցությունների, կոնսենսուսի, փոխադարձ վստահության և տարածաշրջանային պատասխանատվության վրա հիմնված համատեղ լուծումների մշակման կարևորությունը, ինչպես նաև այս համատեքստում արդյունավետ բազմակողմ դիվանագիտության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Ակնկալվում է, որ Ֆիդանը կհայտարարի, որ Իսրայելը շարունակում է Գազայում ցեղասպանությունը, ընդլայնում է իր օկուպացիան և պաղեստինցի ժողովրդին դատապարտում է ծանր կենսապայմանների՝ խոչընդոտելով մարդասիրական օգնության պատշաճ մատակարարմանը։ Նա կրկնելու է, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումը Իսրայելի վրա՝ երկու պետությունների լուծման վրա հիմնված արդար և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Ֆիդանը նաև հայտարարելու է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսության, առևտրի, թվայնացման, էներգետիկայի, կապի և տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ քայլերի կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները փոխշահավետ կերպով գնահատելու համար: Նախատեսվում է նաև, որ նա կշեշտի Թուրքիայի կողմից աջակցվող տարածաշրջանային կապի նախագծերի, մասնավորապես՝ Միջին միջանցքի և Զարգացման ճանապարհների, որում ներառված են CICA-ի անդամները, նաև կհայտարարի, որ Միջին միջանցքի նախաձեռնության ներդաշնակեցումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կամրապնդի տարածաշրջանային կապը և տնտեսական համագործակցությունը: Հաքան Ֆիդանը գագաթնաժողովում կընդգծի զարգացող տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվային վերափոխման և արհեստական բանականության զարգացման կարևորությունը մարդակենտրոն, վստահելի, երկրների թվային ինքնիշխանությունը հարգող և բոլորի համար հավասար հասանելիություն ապահովող շրջանակում։ Նա կընդգծի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) հյուրընկալող և նախագահող երկրի՝ Թուրքիայի դերը կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններից խոցելի տարածաշրջանները պաշտպանելու գործում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
