Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, զոհվել է 22-ամյա փրկարար Սամվել Դևելյանը։ Նրա մահից հետո ժառանգության ձևակերպման ընթացքում ծնողներն իմացել են, որ Սամվելն ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Ընտանիքը կարծել է, թե կենսաթոշակային հաշվի մնացորդը ժառանգելու համար ցանկացած ժամանակ կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»։ Նրանք տեղյակ չեն եղել, որ օրենքով սահմանված ժամկետներ կան, և որ դրանք լրանալուց հետո Ֆինանսների նախարարությունը կարող է դիմել դատարան՝ Սամվելի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու պահանջով։ 19-ամյա Լյոնիկ Հերքոյանն էլ մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով։ Նա գրանցված աշխատող է եղել և ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Մահից հետո հարազատները չեն իմացել հաշվի առկայության մասին, որպեսզի դիմեին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»՝ ժառանգությունը ձևակերպելու համար։ Օրենքով սահմանված 3 տարին լրանալուց հետո Դեպոզիտարիան այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը։ Վերջինս էլ, հիմնվելով այդ փաստի վրա, դիմել է դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվի միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջով։ Ֆինանսների նախարարությունը քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով 2021 թվականին 119 հայց է ուղարկել դատարան, 2022-ին՝ 319 հայց, 2023, 2024 թվականներին չեն եղել այդպիսի հայցեր, 2025 թվականին դատարան է ուղարկել 87 հայց, 2026-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ 128 հայց։ Վերջին 5 տարվա ընթացքում նմանատիպ հայցերի շնորհիվ նախարարությունը 90.8 մլն դրամից ավելի գումար է փոխանցել պետբյուջե։ Մասնավորապես, 2022 թվականին մուտքագրվել է 11.9 մլն դրամ, 2023 թվականին՝ 27.6 մլն դրամ, 2025 թվականին՝ 26.2 մլն դրամ, 2026 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 25.1 մլն դրամ: Ֆիննախի հայցերի հետևանքով պետբյուջե փոխանցված գումարները ֆոնդում առկա գումարների չնչին մասն են կազմում։ Սակայն խնդրի կարևորությունը ոչ այնքան փոխանցված գումարի չափն է, որքան նման գործերի քանակը։ Այս հարյուրավոր հայցերից յուրաքանչյուրը մեկ մահացած քաղաքացու կուտակային հաշվի մասին է։ Դատական գործերի քանակը հարց է առաջացնում, թե որքանով են մահացածների ժառանգները տեղեկացված կուտակային կենսաթոշակային հաշիվների առկայության կամ դրանց ժառանգման կարգի մասին։ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք։ Դեպքեր էլ կան, երբ քաղաքացիներն այդ տարիքային խմբում չեն, բայց ինքնակամ են միանում համակարգին։ Օրենքը չի սահմանում որևէ պատասխանատուի, ով բոլոր իրավիճակների դեպքում ժառանգներին պետք է տեղեկացնի իրենց հարազատի կենսաթոշակային հաշվի առկայության մասին։ Եթե ժառանգները չեն դիմում նոտարական գրասենյակ՝ ժառանգություն ընդունելու համար, հնարավոր է նրանք այդպես էլ չիմանան կենսաթոշակային հաշվի մասին, իսկ եթե դիմում են, հնարավոր է նոտարը տեղեկացնի կամ չտեղեկացնի կենսաթոշակային հաշվի մասին, քանի որ կուտակային կենսաթոշակային հաշվի մասին հարցում անելու և տեղեկացնելու պարտականություն նոտարի վրա չկա դրված։ Իսկ երբ Դեպոզիտարիան դիմում է Ֆինանսների նախարարությանը՝ հայտնելով, որ քաղաքացու ժառանգները երեք տարվա ընթացքում չեն դիմել կենսաթոշակային հաշիվը ժառանգելու համար, այդ փուլում ևս որևէ պարտականություն օրենքը չի դնում ո՛չ Դեպոզիտարիայի և ո՛չ էլ նախարարության վրա, որ հայտնաբերեն ժառանգներին և ծանուցեն՝ դատարան դիմելուց առաջ։ Հաջորդ քայլով Ֆինանսների նախարարությունը Դեպոզիտարիայի գրության հիման վրա դիմում է դատարան՝ քաղաքացու կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու նպատակով, այդ փուլում ևս ո՛չ դատարանը, և ո՛չ էլ նախարարությունը միջոցներ չեն ձեռնարկում ժառանգներին հայտնաբերելու ուղղությամբ։ Դատական գործերը քննվում են առանց պատասխանողների, դատարանները հիմնականում բավարարում են Ֆիննախի հայցերը, և ժառանգները այդպես էլ անտեղյակ են մնում, որ իրենց հարազատի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ են ճանաչվել։ Եթե հանգուցյալը կտակ չի թողել, ժառանգության ընդունման 2 ռեժիմ կա Հայաստանում։ Առաջին՝ երբ մահվանից 6 ամսվա ընթացքում ժառանգը համապատասխան դիմում է ներկայացնում նոտարին՝ ժառանգություն ընդունելու վերաբերյալ։ Երկրորդ՝ մահվանից 6 ամսվա ընթացքում փաստացի տիրապետման եղանակով ընդունում է ժառանգությունը։ Դա դրսևորվում է երեք հիմնական ձևով՝ ժառանգը միջոցներ է ձեռնարկում գույքը պահպանելու համար, իր հաշվին կատարում է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարում է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստանում է ժառանգատուին հասանելիք գումարները: Ժառանգությունը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, որի 1224 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե չկան ո՛չ ըստ կտակի և ո՛չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ: Իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը սահմանում է կուտակային հաշիվների ժառանգման առանձնահատկությունները։ Այդ օրենքի համաձայն՝ եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին (Կենտրոնական դեպոզիտարիա)՝ մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Ֆինանսների նախարարությանը։ Նախարարությունն էլ իր հերթին, Դեպոզիտարիայի դիմումի հիման վրա, կարող է դիմել դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով։ Եվ մահացած քաղաքացու կուտակային կենսաթոշակային հաշվում առկա դրամական միջոցները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե: Այս ողջ գործընթացում, ինչպես նշեցինք, չկա սահմանված պարտականություն՝ ժառանգներին ծանուցելու մասին, կամ առնվազն ստուգելու, թե մահացած քաղաքացու այլ գույքերի վերաբերյալ ժառանգություն բացվե՞լ է, թե՝ ոչ։ Քանի որ եթե ժառանգություն բացված լինի, կնշանակի, որ քաղաքացին ունի ժառանգ և, օրինակ, տեղյակ չի եղել կուտակային կենսաթոշակային հաշվի մասին։ Հնարավոր է լինել նաև դեպք, երբ ժառանգները չեն դիմել նոտարական գրասենյակ՝ ժառանգությունն ընդունելու համար, քանի որ քաղաքացու մահից հետո փաստացի տիրապետման հիմքով տնօրինել և կառավարել են մահացածի գույքը, իսկ կենսաթոշակային հաշիվ ունենալու մասին տեղյակ չեն եղել։ Իսկ թե ինչու են այս գործերը քննվում առանց պատասխանողների, դատարանները հղում են տալիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասի 1-ին կետին։ Այդ հոդվածի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը: Եվ քանի որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերում չկա իրավական վեճ, այդ գործերում պատասխանողներ ներգրավված չեն լինում։ Մեր ուսումնասիրած տարբեր տարիների դատական գործերի մեծ մասով դատարանները բավարարել են Ֆիննախի հայցերը, հազվադեպ դեպքեր հանդիպեցինք, երբ դատարանը մերժել էր Ֆիննախին։ Նախարարության՝ այս պահանջով հայցերը, որոնք մակագրվել են Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Նելլի Հարությունյանին, բոլորը մերժվել են։ Նրա վարույթում 2026-ի հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ 9 գործ կա, որոնցով Ֆիննախը պահանջել է անժառանգ ճանաչել քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերը։ 6 գործով դատավորը մերժել է հայցը, 3 գործ դեռ քննության փուլում է։ Իսկ հայցը մերժված գործերից մեկով Ֆիննախը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը քննության փուլում է։ Դատավորը նշված գործերի քննության ընթացքում էական նշանակություն ունեցող փաստ է համարել ոչ միայն մասնակցի մահվան օրվանից 3 տարվա ընթացքում ժառանգության ստացման մասին դիմում ներկայացվելու կամ չներկայացվելու հանգամանքը, այլ նաև մահացածի՝ ժառանգ ունենալու կամ չունենալու հանգամանքը: Այսինքն՝ միայն ժառանգության ստացման մասին դիմում չներկայացնելը, ըստ դատավոր Նելլի Հարությունյանի, չի հիմնավորում, որ անձը ժառանգ չունի։ «Դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի ներկայացվել նշված փաստը հիմնավորող ապացույց, հետևաբար, Դատարանն արձանագրում է, որ այդ փաստը մնում է վիճելի և դրա բացասական հետևանքները պետք է կրի ապացուցման պարտականությունը կրող անձը»,- նշել է դատարանն իր վերլուծությունում։ Սակայն գործերի մեծ մասով դատավորները բավարար են համարում Ֆիննախի ներկայացրած հիմքը՝ 3 տարվա ընթացքում ժառանգների կողմից դիմում չներկայացնելու մասին, և բավարարում են մահացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերը անժառանգ ճանաչելու հայցերը։ Ազատանի բնակչուհի Լուսինե Սարգսյանը մահացել է 2017 թվականին` 42 տարեկանում։ Նա աշխատել է գյուղի դպրոցում որպես հավաքարար։ 2020 թվականին Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը՝ հայտնելով, որ մահվան օրվանից 3 տարվա ընթացքում վերջինիս ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին: 2021-ի հունիսի 2-ին Ֆինանսների նախարարությունը դիմել է դատարան՝ պահանջելով անժառանգ ճանաչել Լուսինե Սարգսյանի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ նրա կենսաթոշակային հաշվի միջոցներն ուղղել պետբյուջե։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը, սակայն դատաքննության ընթացքում հայտնվել են Լուսինե Սարգսյանի ժառանգները։ Նրա որդին՝ Գևորգ Սարգսյանը, դատարանին ներկայացրած առարկություններով հայտնել է, որ Լուսինե Սարգսյանն անժառանգ չէ, քանի որ ունի առաջին հերթի ժառանգներ՝ ամուսին և երեխաներ. Գևորգ Սարգսյանից բացի՝ ևս 4 որդի ու 3 դուստր, երեխաներից 4-ն անչափահասներ են։ Իրենք չեն դիմել նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար, քանի որ չեն իմացել կուտակային կենսաթոշակի հաշվում հաշվառված փայերի մասին: Մոր մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ինքը, եղբայրները և քույրերը տիրապետում, տնօրինում և կառավարում են մոր մահից հետո մնացած գույքը, կատարել են թաղման և հուղարկավորության ծախսերը, վճարել են մոր կողմից կենդանության օրոք պարտք վերցրած գումարները: Գևորգ Սարգսյանը հայտնել է, որ Լուսինե Սարգսյանի կուտակային կենսաթոշակի հաշվում հաշվառված փայերը անժառանգ լինելու իրավաբանական փաստը հաստատելու պահանջն անհիմն է, ուստի խնդրել է Ֆիննախի հայցը մերժել: Ստեղծված իրավիճակում դատարանը որոշել է հայցը թողնել առանց քննության, քանի որ ժառանգների հայտնվելով՝ ծագել է իրավական վեճ։ «Հետքը» կապ հաստատեց Լուսինե Սարգսյանի ժառանգների հետ, նրանք ասացին, որ ի վերջո գումարը չեն ստացել, քանի որ հանգամանքների բերումով երկրից գնացել են և չեն կարողացել հետևողական լինել ու գործընթացն ավարտել։ «Ժառանգության իրավունքը սահմանադրական իրավունք է, այսինքն` յուրաքանչյուր ոք ունի իր գույքը անարգել օգտագործելու, տնօրինելու, տիրապետելու, ժառանգելու իրավունք»,- «Հետքի» հետ զրույցում նշում է իրավաբան Հայկազ Գալստյանը։ Նա կարծում է, որ պետությունը պետք է մեխանիզմներ մշակի, որ փորձեն հայտնաբերել ժառանգներին։ «Գուցե պետք է, օրինակ, Ֆինանսների նախարարությունը ինչ-որ պարտականություն ունենա առնվազն հրապարակելու այն անձանց ցուցակները, որոնցով պատրաստվում է դատարան դիմումներ ներկայացնել»,- ասում է նա։ Իրավաբանն առաջարկում է նաև Կուտակային կենսաթոշակային համակարգում լրացուցիչ հասցեներ կամ հեռախոսահամարներ ֆիքսել, որ մահանալուց հետո հենց Դեպոզիտարիան պարտավորված լինի ծանուցելու հաշվի առկայության մասին։ Քանի որ կուտակային կենսաթոշակային հաշիվը փակ ինֆորմացիա է, որին տիրապետում է միայն դրա մասնակից անձը, դրա լինել կամ չլինելու մասին ինֆորմացիայի տիրապետման պարտականությունը, ըստ իրավաբանի, չի կարելի թողնել միայն ժառանգի վրա. նա կրկնում է՝ պետք է ստեղծվեն մեխանիզմներ այդ մասին ժառանգներին տեղեկացնելու համար։ Իսկ նոտարների մասով իրավաբանն ասում է, որ ժառանգական զանգվածի հետ կապված ապացույցներ ներկայացնելու պարտականությունը ժառանգի վրա է դրված։ «Նոտարը օժանդակում է նրան, նոտարի պարտականությունների մեջ չի դա»։ «Ժառանգություն ընդունելն այնպիսի լայն գործողությունների հնարավորություն է տալիս, որ որևէ կերպ չի կարող իրավիճակ ստացվել, որ ինչ֊որ մեկն ինչ-որ գույք չընդունի։ Դա շատ հազվադեպ բան պետք է լինի, ոչ թե համատարած, որ տարեկան 100 կամ 200 հայց մուտք լինի դատարան ու ասեն` այսքան մարդ ժառանգություն չի ընդունել»- ասում է Հայկազ Գալստյանը։ Նրա խոսքով՝ մեկ գույքի նկատմամբ ժառանգություն ընդունելը նշանակում է ամբողջ գույքի նկատմամբ ընդունել։ «Եթե նույնիսկ անձը փաստացի տիրապետում է մահացածի բնակարանին, և այդ կերպ ընդունում է ժառանգությունը, ապա օրենքի համաձայն՝ ժառանգությունն ընդունված է համարվում ոչ միայն բնակարանի, այլև մահացածին պատկանող ամբողջ գույքի նկատմամբ»,- նշում է իրավաբանը։ Բայց քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը թույլ է տալիս կոնկրետ այդ մասով անձի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերը ճանաչել անժառանգ, Հայկազ Գալստյանը դա խնդրահարույց է համարում և կարծում է, որ համապատասխան չէ Սահմանադրության հետ. «Չի կարող անժառանգ ճանաչվել ժառանգական զանգվածի մեջ մտնող կոնկրետ ինչ-որ գույքի նկատմամբ, այդպիսի կանոնակարգում չի կարող տեղի ունենալ»,- նշում է նա։ Իսկ ի՞նչ կարող են անել այն քաղաքացիները, որոնք չեն իմացել, որ իրենց հարազատի վերաբերյալ կա դատական ակտ, և իրենց հարազատի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ են ճանաչվել։ Փաստաբանն ասում է՝ բոլոր այդ մարդիկ կարող են այդ մասին իմանալու պահից 3-ամսյա ժամկետում բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, և այդ դատական ակտերը կվերացվեն։ «Գործին մասնակից չդարձված անձանց համար տեղեկանալու պահից եռամսյա ժամկետ է գործում, եթե այդ ակտը կայացնելուց հետո 20 տարին չի անցել»,- ասում է Հայկազ Գալստյանը։ Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։