Քաղաքականություն
Նոր Սահմանադրություն. ընդդիմադիրներն արձագանքում են վարչապետին
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Աննա Գրիգորյան, Նարեկ Կարապետյան «Ալիևյան Սահմանադրությունը Հայաստանում չի կարող անցնել։ Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանյանին և կրկնելով, որ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների հետ կապված որևէ պայման չկա: Խաղաղության պայմանագրում նման կետ իսկապես չկա, բայց անցած օգոստոսին փաստաթուղթը նախաստորագրելուց անմիջապես հետո Բաքուն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ պնդելով, որ դրա նախաբանում հիշատակված Անկախության հռչակագիրը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում: Ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը Բաքվի թելադրանքն է և դեմ են արտահայտվում դրան: Առանց ընդդիմադիրների 6 ձայնի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող միայնակ հաստատել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշումը: Իշխող ուժը հերքում է, որ նոր Սահմանադրության ընդունումը նախաձեռնել է Ադրբեջանի պահանջով: Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե առաջիկայում իր գլխավոր անելիքը լինելու է ընդդիմության հարցերի պատասխանները գտնելը: Նա առանց փակագծեր բացելու, միայն ակնարկել էր, թե այդ պատասխանները Հայաստանի սահմանից դուրս են՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, որ բարձրացված հարցերը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ: Փաշինայնը երեկ նաև ասել էր, որ հանրային ճնշում կգեներացնեն, եթե ընդդիմությունը հնարավոր չդարձնի սահմանադրական հանրաքվեն։ «Եթե մենք տեսնում ենք, որ մեր հակառակորդի առաջ պատ պետք է կանգնենք, ճնշումը ի՞նչ պետք է անի։ Հասարության մեծ մասն էլ այլ ճնշում է անում, ճնշում է, որ քո հակառակորդի խայծը չուտես»,- արձագանքեց Նարեկ Կարապետյանը՝ ուղիղ չպատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր կլինի իրենց համոզել: Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ նոր Սահմանադրության ընդունում ադրբեջանական նոր պահանջների առջև դուռ է բացելու և կտրուկ դեմ են տրամադրված այս հարցում: «Մենք համոզված ենք, որ սահմանադրության փոփոխությունը, ալիևյան սահմանադրության ընդունումը չի լինելու վերջին կետը նոր պահանջների համար։ Այսինքն՝ էդպես չի, որ դա էլ անենք, ու վերջնական խաղաղությունը հաստատված է լինելու: Մենք խորապես համոզված ենք դրանում, որովհետև անցնող տարիների իրադարձությունները դա են ցույց տվել», - ասում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: Ընդդիմադիր գործիչը չի վստահում ոչ վարչապետ Փաշինյանի, ոչ էլ նախագահ Ալիևի խոսքին: «Տրամաբանություն հուշում է, որ ինքը նկատի ունի, որ հնարավոր է Ադրբեջանից բերի ինչ-որ պայմանական թուղթ կամ երաշխիք, ու ասի՝ հայ ժողովուրդ, եթե դու գնաս, հաստատես այս Սահմանադրությունը, մենք կկնքենք պայմանագիրը։ Միգուցե դա նկատի ունեն, բայց, ոնց եք պատկերացնում՝ մենք պե՞տք է հավատանք Փաշինյանի ու Ալիևի երդմանը... մենք չենք վստահում։ Ալիևին պիտի վստահե՞նք... որ մի օր խաղաղությունից է խոսում, մի օր ասում՝ դուք մեզանից ներողություն պիտի խնդրեք։ Փաշինյանին պիտի վստահե՞նք, որ օրվա մեջ 5 հատ սուտ է ասում։ Այսինքն՝ եթե ինքը նույնիսկ որևէ թուղթ բերի երաշխքի տեսքով, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրվելու է պայմանագիր, դա չի կարող ազնիվ, արդար երաշխիք պարունակել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է՝ ինչպես է Փաշինյան-Ալիև տանդեմը բազմաթիվ ծրագրեր կազմակերպել ընդդեմ հայկական շահերի», - հայտարարեց Գրիգորյանը: «Փաշինյանը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք ա հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվի անկլավների նախապայման կա, ադրբեջանցիների վերադարձի նախապայման կա։ Ինքը նույնիսկ վստահ չէ»,- հավելեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը մինչդեռ վստահեցնում է՝ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում «ալիևյան Սահմանադրություն ընդունել». - «Հայաստանում առաջարկ կա, և այն կհրապարկվի տեքստի ձևով, ընդունել նոր Սահմանդրություն, որը կլինի հայկական և ընդունված ժողովրդի կողմից։ Լավ, ենթադրենք իրենք դեմ են, բայց ի՞նչն է խանգարում բավարար ձայն տալ ԱԺ-ին տեխնիկապես, որպեսզի ժողովուրդը որոշի»: «Ազատության» դիտարկմանը՝ տրամաբանակա՞ն է արդյոք, որ ԱԺ-ում կողմ քվեարկած ուժը հետագայում ժողովրդին հորդորի դեմ քվերակել նոր Սահմանադրությանը, ԱԺ խոսնակը սա «շատ ուղիղ տրամաբանություն» համարեց՝ կրկնելով, որ այդ որոշումը կարող են թողնել ժողովրդին։ «Նարեկ Կարապետյանը, ես կարծում եմ, բավական բանական անձնավորություն է և չի կարող ի բնե մերժել որևէ առաջարկ, որը ինքը չի լսել, համենայնդեպս, շատ տարօրինակ կլինի, եթե այդպես լինի»,- ասաց Ռուբինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարում էր, թե այն անցկացնելու համար կփորձի համոզել ընդդիմությանը, իսկ չհաջողելու դեպքում չէր բացառում անգամ արտահերթ ընտրությունները: Երեկ, սակայն, նշեց, թե գուցե բանը չհասնի արտահերթին։ Խորհրդարանական ընդդիմությունից «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները վերջին շաբաթներին պարբերաբար ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների հարց են ուղղում, թե ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը նոր Սահմանադրության ընդունումից հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը: «Ընդդիմությունը բարձրացրել է հարցեր, որոնք լեգիտիմ են և տրամաբանական կլինի ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև ի վերջո այդ հարցերի պատասխանից է կախված հետագա զարգացման սցենարները»,- այսօր ասաց Ռուբինյանը։ «Ազատության» ճշտող հարցին՝ Ադրբեջանի՞ց էլ են ստանալու այդ հարցի պատասխանները, Ռուբինյանն կարճ արձագանքեց. - «Բոլոր տեղերից»: ԱԺ խոսնակը չի համարում, որ նոր Սահմանադրության ընդունման հարցը փակուղում է:
Աղբյուր՝ Ազատություն — Քաղաքականություն
